«DISCLAIMER». երկու աշխարհ, երկու օպերատոր և մեկ միասնական գունային լեզու
Ինչպե՞ս միավորել երկու տարբեր օպերատորների նկարած երկու աշխարհները՝ առանց նրանցից որևէ մեկի տեսողական ձեռագիրը կորցնելու։
Ալֆոնսո Կուարոնի «Disclaimer» սերիալի ստեղծագործական և տեխնիկական ամենահետաքրքիր մարտահրավերը հենց սա էր։
Ռեժիսոր՝ Ալֆոնսո Կուարոն
Բեմադրող օպերատորներ՝ Էմանուել «Չիվո» Լյուբեցկի ASC AMC, և Բրունո Դելբոնել ASC AFC
Գունաբաժանող՝ Փիթեր Դոյլ
Տեսախցիկ, որը դեռ պատրաստ չէր
Փիթեր Դոյլը տեսախցիկի փորձարկումները սկսել է 2021 թվականի վերջին։ Լյուբեցկին և Դելբոնելը պատրաստվում էին նկարահանել ARRI-ի նոր Super 35 տեսախցիկով, որը դեռևս beta փուլում էր և հետագայում ներկայացվեց որպես ALEXA 35։
ARRI-ի մասնագետները նկարահանման հրապարակում շարունակում էին հստակեցնել տեսախցիկի calibration-ի վերջնական պարամետրերը, իսկ FilmLight-ը beta տեսախցիկի համար անհրաժեշտ SDK-ն ստեղծեց գրեթե մեկ գիշերվա ընթացքում։
DIT Փիթեր Մարսդենը զբաղվում էր գույնով, calibration-ով և մոնիտորինգով, մինչդեռ Լյուբեցկին ու Դելբոնելը փորձարկումների հիման վրա կառուցում էին իրենց լուսային լուծումները։
Կուարոնի դիրքորոշումը հստակ էր.
«Մենք լիամետրաժ ֆիլմ ենք նկարում, պարզապես՝ երկար»։
Մեկ նախագիծ՝ մի քանի ցուցադրման ձևաչափով
Թիմը Apple-ին պետք է տրամադրեր HDR master՝ Dolby 709 trim տարբերակով՝ միաժամանակ պահպանելով Rec.709 և DCI ցուցադրական ու փառատոնային տարբերակներ ստեղծելու հնարավորությունը։
Բազմաթիվ փորձարկումներից հետո որոշվեց վերջնական գունաբաժանումն իրականացնել HDR-ում, իսկ նկարահանման հրապարակի մոնիտորինգը և մոնտաժային աշխատանքը՝ SDR-ում։
Ամբողջ գործընթացը կառուցվել էր որպես լիովին կառավարվող set-to-screen workflow։ Նկարահանման հրապարակում հաստատված տեսողական լուծումները պետք է պահպանվեին մինչև մոնտաժ և վերջնական գունաբաժանում։ Այդ պատճառով final grade-ի նպատակը look-ը զրոյից ստեղծելը չէր, այլ արդեն կառուցված պատկերը համադրելն ու կատարելագործելը։
Նախագիծն իրականացվել է ACES միջավայրում՝ ARRI Wide Gamut 4-ից ACES անցման համար ստեղծված հատուկ IDT-ով։ VFX բաժնին BLG ֆայլերի միջոցով փոխանցվում էր գունաբաժանված պատկերին շատ մոտ տարբերակ՝ առանց գույնը վերջնականապես պատկերի հետ համադրելու։
Երկու տարբեր տեսողական աշխարհ
Բրունո Դելբոնելը նկարահանում էր Սթիվենի պատմությունը, իսկ Էմանուել Լյուբեցկին՝ Քեթրինի աշխարհը։
Երկու օպերատորները չէին դիտում միմյանց նկարահանած նյութը։ Նրանք ունեին առանձին լուսային սարքեր, օբյեկտիվներ, LUT-եր և տեսողական մոտեցումներ։ Նրանց միավորող հիմնական տեխնիկական գործիքը նույն ARRI տեսախցիկն էր։
Դելբոնելը նկարահանում էր ARRI/Zeiss Master Prime օբյեկտիվներով, իսկ Լյուբեցկին՝ հիմնականում Leitz Summilux-C-ներով։ Ավելի մեղմ Summilux-C-ները Քեթրինի աշխարհին տալիս էին պակաս կոնտրաստային և պակաս կտրուկ զգացողություն, մինչդեռ Master Prime-ներն ավելի սուր ու ընդգծված պատկեր էին ստեղծում Սթիվենի պատմության համար։
Կուարոնի և Դոյլի ուղղորդող գաղափարն այն էր, որ Քեթրինի աշխարհը լինի նրբագեղ և բարձրաշխարհիկ, իսկ Սթիվենինը՝ ավելի արվարձանային, մաշված ու անշուք։ Անցյալի և ներկայի միջև նույնպես պետք է լիներ հստակ տեսողական սահմանազատում։
Գունաբաժանողը՝ երկու աշխարհների միջև
Փիթեր Դոյլի խնդիրը երկու պատկերներն իրար նմանեցնելը չէր։ Նա պետք է պահպաներ յուրաքանչյուր օպերատորի անհատական ձեռագիրը և միաժամանակ թույլ չտար, որ նախագիծը բաժանվեր երկու իրարից անկախ ֆիլմերի։
Դելբոնելը պատմում է, որ ինքը չէր տեսնում Լյուբեցկու աշխատանքը, իսկ Լյուբեցկին՝ իրենը։ Փիթեր Դոյլն ու Ալֆոնսո Կուարոնը միասին վերահսկում էին երկու աշխարհների կապը։
Լյուբեցկու խոսքով՝ Դոյլը կարողացել է բոլորի գաղափարները պահել մեկ ամբողջության մեջ.
«Չեմ կարող ասել, որ նա մեզ միատեսակ էր դարձնում, բայց ֆիլմն ուներ իր լեզուն, և դրա համար պատասխանատու էին Փիթերն ու Ալֆոնսոն»։
Դելբոնելն այս մոտեցումն անվանել է «այլ տեսակի հետևողականություն»։ Դոյլը կարողանում էր հասկանալ, թե որ ուղղությամբ չպետք է գնալ՝ առանց ամեն ինչ երկար բացատրելու, որովհետև ամբողջ նախագծի համար ուներ հստակ ծրագիր։
Ինքը՝ Դոյլը, իր աշխատանքային մոտեցումը ձևակերպում է այսպես.
«Գունաբաժանման նկատմամբ իմ մոտեցումը միշտ սկսվում է հասկանալուց, թե օպերատորն իր լույսով ինչ է փորձում հասնել, ռեժիսորն ինչ է ցանկանում ստանալ դերասանական խաղից, և production design-ն ինչ աշխարհ է կառուցել։ Իմ դերն այդ ամենը հնարավորինս ճշգրիտ մեկնաբանելն ու հետո իմ առաջարկներն անելն է»։
«Disclaimer»-ի գլխավոր մասնագիտական դասը սա է՝ հետևողականությունը միշտ չէ, որ նշանակում է միատեսակություն։
Երբ նախագծում կան տարբեր տեսողական լեզուներ, գունաբաժանողի նպատակը դրանք ջնջելը չէ։ Նրա խնդիրն է ստեղծել այն անտեսանելի համակարգը, որի ներսում այդ տարբերությունները կարող են պահպանվել և միաժամանակ ծառայել մեկ ամբողջական պատմության։