Երբ գաղափարը դառնում է պատկեր․ «Digger»-ի տեսողական աշխարհը. Մաս 2
Ինչպե՞ս են Էմանուել Լյուբեցկու օպերատորական աշխատանքը, VistaVision-ը, հատուկ օպտիկաներն ու Փիթեր Դոյլի գունաբաժանումը ձևավորում «Digger»-ի տեսողական աշխարհը։ Կինոէսսեի երկրորդ մասը՝ ստեղծագործական ազդեցությունների, տեխնիկական ընտրությունների և պատկերով պատմելու արվեստի մասին։
Մաս 2 · Ազդեցություն, կինեմատոգրաֆիա, գույն և վերջաբան
Սա «Գոռոց դատարկ դահլիճում» երկմասանոց հոդվածի երկրորդ մասն է։ Կարդալ մաս 1-ը
Հոդվածը պարունակում է ֆիլմի սյուժետային բացահայտումներ։
«Digger»-ի մասին մտածելիս ինձ համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է ասում ֆիլմը, այլև թե ինչպես է այդ ասելիքը ձևավորվում կադրում՝ լույսի, տարածության, տեսախցիկի շարժման և գույնի միջոցով։
Ստեղծագործական ազդեցությունը՝ կրկնություն չէ
Այսօր ֆիլմեր դիտելիս հանդիսատեսը հաճախ փորձում է տարբեր ասոցիացիաներ գտնել այլ ֆիլմերի ու ռեժիսորների աշխատանքների հետ։ Երբեմն այդ համեմատությունները տեղին են, երբեմն էլ ինձ թվում է, թե դրանցով ակամայից նսեմացվում է ստեղծագործողի ինքնատիպությունը։ Մինչդեռ նմանությունը կարող է նաև հարգանքի տուրք լինել այն հեղինակին, որից ռեժիսորը սովորել կամ ոգեշնչվել է։ Այստեղ էլ մեծ տարբերություն կա․ ոմանք պարզապես մակերեսորեն կրկնում են ուրիշների գտած լուծումները, իսկ ուրիշները նույն ազդեցությունը վերածում են տաղանդավոր, ինքնատիպ ստեղծագործության։ Ինձ համար միշտ կարևոր է եղել այն գիտակցումը, որ արվեստագետը չի ստեղծագործում դատարկ տարածության մեջ։ Նա սովորում է անցյալի մեծ վարպետներից, ուսումնասիրում նրանց գործերը, բացահայտում ստեղծագործական նոր հնարավորություններ և այդ ամենն իր փորձառության միջով անցկացնելով՝ ստեղծում սեփական լեզուն։
Այս առումով հատկապես հետաքրքիր է Էմանուել Լյուբեցկու պատմությունը։ Definition Magazine-ին տված հարցազրույցում նա հիշում է, թե ինչպես են Ալեխանդրո Ինյարիտուի հետ տարիներ շարունակ այցելել Ամստերդամի ու Լոնդոնի պատկերասրահներ՝ ուսումնասիրելով Բրեյգելի, Բելլինիի և Ռեմբրանտի աշխատանքները, որոնելով լուսավորության, տարածության ու կոմպոզիցիայի լուծումներ։ Վերջերս Չիվոյի Instagram-ում նույնպես նմանատիպ հրապարակում տեսա, որն ինձ կրկին հիշեցրեց, թե որքան կարևոր է մեծ արվեստագետների համար սովորելու և փնտրելու շարունակական գործընթացը։ [1]
Իմ պատկերացմամբ՝ յուրաքանչյուր ինքնատիպ ստեղծագործողի մեջ ապրում են բազմաթիվ այլ ստեղծագործողներ։ Եվ դա որքան բնական է, այնքան էլ գեղեցիկ։ Մեր ձեռագիրը ձևավորվում է մեր տեսածից, կարդացածից, սովորածից, նախկին փորձառություններից և, ամենակարևորը, մեր սեփական տաղանդից։ Հենց այդ անհատական կարողությունն է, որ թույլ է տալիս ուրիշների ստեղծածից ոչ թե պատճեն ստանալ, այլ ծնունդ տալ սեփական աշխարհին։ Գուցե արվեստագետի ինքնատիպությունը ոչ թե ազդեցություններից զերծ լինելն է, այլ այդ ազդեցությունները սեփական լեզվի վերածելու կարողությունը։ Նա չի կրկնում իր ուսուցիչներին, այլ նրանցից սովորածով ստեղծում է մի բան, որն արդեն իրենն է։
«Digger»-ում Լյուբեցկու աշխատանքն ինձ համար այդ մտածողության գեղեցիկ օրինակներից մեկն է։ Դարավոր գեղանկարչական ավանդույթները, ժամանակակից օպտիկան, VistaVision-ը, լուսավորության բարդ լուծումներն ու Ինյարիտուի աշխարհայացքը միավորվում են ոչ թե անցյալի կինոն կամ գեղանկարչությունը կրկնելու, այլ սեփական, ինքնատիպ կինեմատոգրաֆիական աշխարհ ստեղծելու համար։
Լյուբեցկու տեսողական լեզուն․ երբ գաղափարն է ընտրում գործիքը
Ինյարիտուի հետ Լյուբեցկու համագործակցությունը ինձ համար միշտ հետաքրքիր է եղել այն պատճառով, որ նրանց կադրերը դժվար է բնորոշել միայն «գեղեցիկ» բառով։ Դրանց մեջ լույսը, տարածությունը և տեսախցիկի շարժումը պատմության գործող մասնակիցներ են։ «Digger»-ում հատկապես զգացվում է նախապես մտածված տեսողական համակարգը։ Լյուբեցկին պատմում է, որ ֆիլմի բազմաթիվ դեկորացիաների հիմքում եղել են դիորամաների՝ շերտերով կառուցված փոքր աշխարհների սկզբունքները։ Բրեյգելի ու Բելլինիի նկարների գրեթե ստվերազուրկ, անսովոր լցնող լույսը դարձել էր թատերական հատվածների տեսողական հենակետերից մեկը։ Pinewood Studios-ում կառուցել են ավելի քան երեսուն դեկորացիա, իսկ տեսարանները նախապես փորձարկել են նույնիսկ մոխրագույն կտավներից կառուցված պայմանական տարածքներում։ [1]
Թատերական աշխարհի տեսարաններում լույսը հաճախ հավասարապես տարածվում է միջավայրի վրա՝ ստեղծելով իրական, բայց մի փոքր անիրական տարածության զգացողություն։ Իսկ «իրականության» տեսարանների համար թիմը ձգտել է հիմնավորել լուսային աղբյուրները հենց միջավայրով, կիրառել ավելի անկատար օպտիկական պատկեր՝ halation-ով և որոշ լղոզվածությամբ, և աստիճանաբար անցնել handheld նկարահանման։ Լյուբեցկու բացատրությամբ՝ այդ անցման նպատակը տեսախցիկի շարժման էներգիան դերասանների միջև փոխանցելն էր։ Ինձ համար սա ներքին տեմպոռիթմի շատ հստակ սահմանում է․ տեսախցիկը ոչ միայն հետևում է կերպարին, այլ իր շարժմամբ մասնակցում է նրա ապրումի զարգացմանը։ [1]
Միևնույն ժամանակ ֆիլմում կան զարմանալիորեն ստատիկ ու մոնումենտալ կոմպոզիցիաներ։ Առանձին կադրերում փոքր-ինչ ցածր ռակուրսն ինձ տալիս է այն զգացողությունը, թե ամբողջ աշխարհն իր ծանրությամբ ճնշում է մարդկանց ու մեզ՝ դիտողներիս։ Բայց այդ ռակուրսը կարող է նաև հակառակ արդյունքն ունենալ․ մեծացնել կերպարին, նրան թվացյալ իշխանություն հաղորդել և միաժամանակ ցույց տալ, թե որքան փոքր է նա իրեն շրջապատող աշխարհի դիմաց։ Դիգգերի համար այդ երկակիությունն առանձնապես դիպուկ է։ Նա իրեն ամենակարող է համարում, մինչդեռ մի փոքր շարժումն իր ստեղծած համակարգից դուրս արդեն կարող է խախտել ամբողջ վերահսկողությունը։ Կադրի գեղեցկությունը ստացվում է ոչ թե պատմության հաշվին, այլ հենց այդ հակասությունից։
Լյուբեցկին հիշում է նաև սոլյարիումի բարդ տեսարանը։ Լուսավորության ելակետ էր դարձել Ռեմբրանտի հազվագյուտ բնանկարներից մեկը, որը Ինյարիտուի հետ տեսել էին պատկերասրահում․ նկարի լույսը համապատասխանում էր իրենց տեսարանի ծառին։ Այդպես հին գեղանկարչության մեջ գտած լուսային լուծումը դարձավ ֆիլմի կոնկրետ տեսարանի ստեղծագործական հիմքը։ [1]
Առանձին խնդիր էր Թոմ Քրուզի բարդ պրոթեզային դիմահարդարումը․ նկարահանման ընթացքում ջերմաստիճանը չպետք է գերազանցեր 19°C-ը, որպեսզի սոսինձներն ու դիմահարդարման նյութերը չվնասվեին։ Լյուբեցկու խոսքով՝ հենց այդ պատճառով օգտագործել են LED լուսավորություն։ Բացի այդ, ֆիլմի ընթացքում լուսավորությունը շարունակ փոփոխվում էր, և LED-ներն ավելի հարմար էին այդ փոփոխությունները կառավարելու համար։ [1]
«Digger»-ը նաև առաջին ֆիլմն է, որի մեծ մասը Լյուբեցկին նկարահանել է VistaVision-ով՝ 8-perf 35mm մեծ կադրի ժապավենային ձևաչափով։ Դրա պատմությունը նա հիշում է դեռ «Meet Joe Black»-ից, որտեղ VistaVision-ն օգտագործել էր վիզուալ էֆեկտների առանձին պատկերների համար՝ մեքենայի՝ Բրեդ Փիթի կերպարին հարվածելու դրվագում։ Թեև այն ժամանակ փորձնական ցուցադրությունն իրեն չէր գոհացրել, բուն պատկերը նրան այնքան էր տպավորել, որ ցանկացել էր մի օր այդ տեսախցիկով ամբողջ ֆիլմ նկարահանել։ Հատկանշական է, որ նա չի ներկայացնում ժապավենը որպես թվայինից անվերապահորեն գերազանցող միջոց։ Ընդհակառակը՝ բարձր է գնահատում ժամանակակից թվային տեսախցիկները։ Բայց այս ֆիլմի համար Ինյարիտուն ցանկանում էր ժապավեն, և փորձարկումների արդյունքում VistaVision-ը լավագույնն էր նրանց նախատեսած պատկերի համար։ [1]
Նույնիսկ այդ ընտրությունն ինքնին չէր ապահովում ցանկալի արդյունքը։ Լյուբեցկին պատմում է, որ Ջովանի Ռիբիզիի վերականգնած հին Beaumont VistaVision տեսախցիկը, որը նախ օգտագործվել էր «One Battle After Another»-ում, իրենց հասել էր ուշ և նորոգման կարիք ուներ․ ստիպված էին վերակառուցել որոշ հանգույցներ և փոխել պրիզման։ Նախորդ ֆիլմի օպտիկաները, իրենց ավելի ուժեղ աբերացիաներով ու flare-երով, համապատասխանում էին 1970-ականների գեղագիտությանը, բայց «Digger»-ի համար այլ լուծում էր անհրաժեշտ։ Այդ պատճառով ներգրավվեցին Panavision-ի Դեն Սասակին և Leitz Cine-ի մասնագետները։ [1], [2]
Leitz Cine-ի կառավարիչ տնօրեն Ռայներ Հերխերի բացատրությամբ՝ հիմնական խնդիրը ELSIE օպտիկաները Beaumont-ի հետ համատեղելի դարձնելն էր։ LPL և Panavision PV համակարգերի flange focal distance-ները տարբեր են՝ համապատասխանաբար 44 և 57.15 մմ։ Պետք էր վերանախագծել օպտիկաների հետևի մեխանիկական հատվածները և հաշվի առնել պտտվող հայելու համար անհրաժեշտ ազատ տարածությունը։ Հատկապես լայնանկյունների դեպքում դա հեշտ խնդիր չէր։ Արդյունքում ELSIE 25mm օպտիկայի առջևի օպտիկական խումբը վերամշակվեց՝ ստեղծելու հատուկ 21mm տարբերակ։ Hercher-ի՝ ինձ փոխանցած լրացուցիչ պարզաբանումների համաձայն՝ այդ աշխատանքը կատարվել էր մոտ վեց շաբաթում։ Թվային նկարահանումների համար թիմը նաև ուներ ELSIE 15mm օպտիկա։ [2]
Լյուբեցկու խոսքով՝ մեծ մասը նկարահանվել է 29mm-ով, լայն տեսարանները՝ 21mm-ով, իսկ գուցե ընդամենը մեկ կադր՝ 18mm-ով։ VistaVision-ի դեպքում 29mm-ն արդեն շատ լայն տեսադաշտ է տալիս։ Սեղանի շուրջ մի քանի դերասաններով տեսարաններում հաճախ աշխատել են f/8 դիաֆրագմայով, որպեսզի տարբեր հեռավորությունների վրա հնարավոր լինի միաժամանակ տեսնել և՛ գործողությունը, և՛ արձագանքը՝ առանց անվերջ ֆոկուսը մեկ դեմքից մյուսը տեղափոխելու։ [1]
Այս ընտրությունն ինձ համար զուտ տեխնիկական առավելություն չէ։ Երբ տեսախցիկը լայնանկյունով մոտենում է դերասանին, դեմքը դառնում է ինտենսիվ, բայց շրջապատող միջավայրը չի անհետանում։ Մենք տեսնում ենք մարդուն այն աշխարհի ներսում, որի հետ նա անընդհատ հարաբերության մեջ է։ Ինձ հենց այս համադրությունն է հետաքրքրում․ համարձակ մոտիկությունը չի խանգարում պահել ամբողջ միջավայրի տեսանելիությունը։ Լյուբեցկին ու նրա թիմը պատրաստ էին նույնիսկ հատուկ օպտիկա ստեղծել, որպեսզի այդ տեսողական լեզուն հնարավոր դառնա։ [1], [2]
VistaVision տեսախցիկը չափազանց աղմկոտ է, և ժապավենի կասետները փոխելը պարբերաբար կանգնեցնում է նկարահանումը։ Լյուբեցկին պատմում է, որ որոշ դերասանների համար այդ նյութական ներկայությունը նույնիսկ օգտակար էր․ այն ստեղծում էր լարվածություն և հնարավորություն տալիս ընդմիջումներում խոսելու Ինյարիտուի հետ։ [1]
Լյուբեցկու համար սա նաև Թոմ Քրուզի հետ առաջին համագործակցությունն էր։ Նա առանձնացնում է Քրուզի զարմանալի գիտելիքները՝ օպտիկայի, eye line-ի, տեսախցիկի հեռավորության ու դիրքի մասին։ Երբ դերասանը նույնքան գիտակցաբար է մտածում կադրի կառուցվածքի մասին, որքան օպերատորը, այդ համագործակցությունը կարող է փոխել նույնիսկ դերասանական խաղի ուժգնությունը։ Ինձ համար ֆիլմի տեսողական համոզչության մի մասը հենց այդ համատեղ մտածողությունից է ծնվում։ [1]
Փիթեր Դոյլ․ գույնը որպես նույն դրամատուրգիայի շարունակություն
Օպերատորական աշխատանքի մասին խոսելիս ինձ համար անհնար է առանձին չանդրադառնալ Փիթեր Դոյլի գունաբաժանմանը։ Դահլիճից դուրս գալիս ֆիլմը հիշում էի որպես սառը, գրեթե անկենդան, ցածր հագեցվածությամբ աշխարհ։ Մաշկի երանգները հաճախ գունատ են թվում, կապտավուն ու երբեմն դեղնավուն շեշտադրումները չեն վերածվում դեկորատիվ գունային խաղի, իսկ կոնտրաստը զուսպ է՝ չնայած որոշ տեսարանների թատերական մեծությանը։ Սա իմ դիտողական տպավորությունն է. այդ զգացողությունը դժվար է տեղավորել մեկ LUT-ի կամ մեկ տեխնիկական տերմինի մեջ։
Picture Shop-ին տված հարցազրույցում Դոյլը խոսում է ֆիլմի երկու աշխարհների միջև նուրբ տարբերություն ստեղծելու մասին․ թատերականը պետք է իրական թվար, բայց ոչ ամբողջությամբ իրական։ Այստեղ է, որ գունային լուծումը դառնում է դրամատուրգիայի մաս։ Եթե պատկերն ամբողջությամբ արհեստական լիներ, այդ աշխարհին չէինք հավատա։ Եթե չափազանց բնական լիներ, կկորչեր այդ փոքրիկ անհամապատասխանությունը, որը ստիպում է զգալ, որ ինչ-որ բան այնպես չէ։ Ինձ համար հենց այդ սահմանին է գտնվում ֆիլմի ամենահետաքրքիր գունային ընտրությունը։ [3]
Դոյլը նաև ընդգծում է, որ օպերատորի, ռեժիսորի և production design-ի բազմաթիվ reference-ները ստեղծագործական քննարկման մեկնակետեր էին, ոչ թե պատրաստի look-եր։ Օրինակ՝ Դիգգերի գրասենյակում փայտե մակերեսների շատությունը կարող էր ամբողջ պատկերը դարձնել պարզապես շագանակագույն զանգված։ Պետք էր պահպանել տարածքի նյութականությունը և միաժամանակ այնպես կառավարել գույնի հարաբերությունները, որ կադրում մնան ծավալը, ուղղությունը և կերպարի առանձնացումը։ Սա շատ կարևոր տարբերություն է «գույնը գեղեցկացնելու» և «գույնով պատմելու» միջև։ [3]
Տեխնիկական աշխատանքային շղթան նույնպես խոսուն է։ Դոյլի նկարագրությամբ՝ ստեղծվել էր լիովին կալիբրացված color ecosystem, որի շնորհիվ նկարահանման հրապարակում դիտվող պատկերը հնարավորինս համընկնում էր մշակված ու սկանավորված VistaVision negative-ի հետ։ Այդպիսի համակարգը թույլ էր տալիս տեղում վստահ գնահատել դիմահարդարումը, դեկորացիաները, լուսավորությունը և CDL-ները։ Գունային կառավարմամբ պատրաստված ու 4K-ով ցուցադրված dailies-ը, նրա խոսքով, գործնականում դարձել էր live DI։ Իսկ վերջնական grading-ը շարունակել է զարգանալ մոնտաժի ու VFX-ի հետ՝ օգտագործելով ֆիլմի համար հատուկ ստեղծված գործիքներ։ Այստեղ գույնը հետարտադրության վերջում ավելացված շերտ չէ, այլ նկարահանման ամբողջ գործընթացում ձևավորվող որոշում։ [3]
Ուզում եմ առանձնացնել նաև պատկերի grain-ը։ Իմ դիտման ընթացքում այն չափազանց զուսպ էր, գրեթե աննկատ։ Ժամանակակից ֆիլմերում երբեմն այնքան ուժեղ է կիրառվում արհեստական film emulation-ը, որ grain-ը սկսում է ուշադրություն պահանջել իր վրա։ Այստեղ նման զգացողություն չունեցա։ Իհարկե, դա միայն գունաբաժանողին վերագրել ճիշտ չէր լինի․ արդյունքը կախված է նաև մեծ ժապավենային negative-ից, exposure-ից, սկանավորումից և ամբողջ DI շղթայից։ Բայց այդ զսպվածությունն ամբողջությամբ համապատասխանում է ֆիլմի պատկերային տրամաբանությանը։ [1], [3]
Դոյլի համար յուրաքանչյուր ֆիլմ արժանի է սեփական տեսողական լեզվին, ոչ թե ուրիշի հաջողված look-ի հերթական կրկնությանը։ Այս միտքը գեղեցիկորեն կապվում է Լյուբեցկու՝ թանգարաններում անցկացրած տարիների և իմ՝ ստեղծագործական ազդեցության մասին մտածումների հետ։ Արվեստագետը սովորում է, բայց չի կանգնում սովորածը կրկնելու վրա։ Եվ լավ օպերատորական աշխատանքն ու լավ գունաբաժանումը չեն սահմանափակվում գեղեցիկ պատկերներով․ դրանք պետք է ծառայեն պատմությանը, ոչ թե մրցեն նրա հետ։ [3]
Ֆիլմի վերջում ներկայացման մասնակիցներին շնորհավորում են, և նրանք դուրս են գալիս դահլիճից՝ պաշտպանիչ դիմակներով։ Ինձ այդ պատկերը հիշեցրեց COVID-ի ժամանակաշրջանը՝ վախի, մեկուսացման և վերահսկողության հետ կապված զգացողություններով։ Բայց ամենահետաքրքիրը այն է, որ նրանք կարծես ավարտել են մի ներկայացում ու հայտնվել մեկ ուրիշի մեջ։ Դրսում մարդիկ ու ռոբոտները գոյակցում են կողք կողքի, իսկ պատին գրված է՝ «Compliance Is Freedom»՝ «Ենթարկվելը ազատություն է»։ [4]
Իմ ընկալմամբ՝ այդ գրությունն անմիջապես հիշեցնում է Ջորջ Օրուելի «1984»-ի հակասական կարգախոսները՝ «Պատերազմը խաղաղություն է», «Ազատությունը ստրկություն է», «Տգիտությունը ուժ է»։ [5] Պարզապես այն ինձ համար շարունակում է ֆիլմի հիմնական հարցադրումը․ որտեղի՞ց է սկսվում իրական ազատությունը, եթե մեր ցանկություններն ու նույնիսկ անհամաձայնությունը հաճախ տեղավորված են նույն համակարգի ներսում։ Վարագույրը փակվում է, բայց աշխարհը չի դադարում ներկայացում լինել։
Այստեղ նորից հիշում եմ գրեթե դատարկ կինոդահլիճը։ Գանեշին չեն լսում ֆիլմում, իսկ Ինյարիտուին, կարծես, չեն լսում ֆիլմից դուրս։ Գուցե սա պարզապես իմ՝ այդ երեկոյի ընկալումն է, բայց երբ երեք հոգով դիտում էինք մի ֆիլմ, որը փորձում էր այդքան բարձրաձայն խոսել աշխարհի մասին, դատարկ դահլիճն ինձ համար դարձավ նրա ամենաանձնական շարունակությունը։
Ինձ համար «Digger»-ը ժամանակակից կինոյի համարձակ ու ամբողջական աշխատանքներից մեկն է։ Այն կարող է թվալ անհարմար, չափազանցված, նույնիսկ հոգնեցնող, բայց հենց այդ անհարմարության մեջ ես տեսնում եմ դրա անհրաժեշտությունը։ Կարելի է վիճել ֆիլմի հումորի, կառուցվածքի կամ չափի հետ, բայց դժվար է անտեսել այն հարցը, որը նա թողնում է մեզ։ Աշխարհը վտանգողն ու այն փրկել ցանկացողը միշտ չէ, որ տարբեր մարդիկ են։ Եվ երևի այդ պատճառով ֆիլմի ավարտից հետո ես մտածում էի ոչ միայն Դիգգերի, այլև իմ ու մեր բոլորի մասին։
Բոլորս մեր չափով Digger ենք։
Աղբյուրներ և հղումներ
- Oliver Webb, Definition Magazine — Էմանուել Լյուբեցկու հարցազրույցը, 17.10.2026 Աղբյուր
- Leitz Cine — «Adapting Leitz ELSIE for Emmanuel Lubezki on Digger», 26.10.2026, և Rainer Hercher-ի՝ հեղինակին փոխանցած լրացուցիչ պարզաբանումները Աղբյուր
- Picture Shop — «Peter Doyle on Look Development from Art House to Blockbuster», 07.10.2026 Աղբյուր
- «Digger» (2026), ռեժիսոր՝ Alejandro G. Iñárritu — ֆիլմի վերջաբանում երևացող գրությունը
- George Orwell — «1984» (Nineteen Eighty-Four), 1949