← Ամսագիր
Film Essay, Film Analysis, Cinema · 9 րոպե · Մխիթար Սերոբյան

Գոռոց դատարկ դահլիճում․ Ինյարիտուի «Digger»-ը և մեր կոլեկտիվ ներկայացումը․ ՄԱՍ 1

Գրեթե դատարկ կինոդահլիճից սկսվող կինոէսսե՝ Ինյարիտուի «Digger»-ի, իրականության ու ներկայացման սահմանների, իշխանության և մեր հավաքական պատասխանատվության մասին։

Գոռոց դատարկ դահլիճում․ Ինյարիտուի «Digger»-ը և մեր կոլեկտիվ ներկայացումը․ ՄԱՍ 1

Մաս 1 · Ֆիլմը, ներկայացումը և մեր պատասխանատվությունը

Հոդվածը պարունակում է ֆիլմի սյուժետային բացահայտումներ։

Ֆիլմի ցուցադրության համար ընտրված ժամը, երևի, ամենահարմարն էր։ Կինոդահլիճում ընդամենը երեք հոգի էինք, որոնցից մեկը կեսից դուրս եկավ։ Գրեթե դատարկ ու անչափ հանգիստ դահլիճում նայեցի մի ֆիլմ, որը, հակառակը, ամբողջ ուժով գոռում է աշխարհի վրա։ Ավելի ուշ այդ հակադրությունը դարձավ իմ դիտման ամենահիշվող պատկերներից մեկը․ ֆիլմը գոռում է, իսկ դահլիճը դատարկ է։

Վերջին տարիներին հաճախ եմ մտածում արվեստագետի հանրային պահվածքի մասին․ որքանո՞վ է նա պարտավոր մեկնաբանել իր ժամանակի իրադարձությունները, խոսել կամ դիրքորոշում հայտնել։ Ինձ համար պատասխանը գնալով հստակ է դառնում․ արվեստագետի ամենակարևոր արձագանքն աշխարհին իր ստեղծագործությունն է։ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի վերջին աշխատանքներն ինձ հետաքրքրում են հատկապես այս տեսանկյունից։ Նրա «Bardo»-ն նկարահանել է Դարիուս Խոնջին, իսկ «Digger»-ը՝ Էմանուել Լյուբեցկին՝ իմ ամենասիրելի կինոօպերատորներից երկուսը։ Երկու ֆիլմերն էլ ստացել են կոշտ քննադատություններ։ Սակայն ինձ համար դրանք ամրացնում են մի համոզմունք․ Ինյարիտուն ավելի շատ մտահոգված է իր ասելիքով, քան ֆիլմի հարմարավետ ընդունելությամբ։ Նա կարծես առաջարկում է նայել այն ամենին, ինչ այնքան սովորական է դարձել, որ մենք այլևս չենք տեսնում։

«Digger»-ի սինոփսիսը հենց այսպիսին է․ «Աշխարհի ամենահզոր մարդը շտապ ու տագնապալի առաքելության է մեկնում՝ ապացուցելու, որ ինքն է մարդկության փրկիչը, նախքան իր իսկ առաջացրած աղետը կկործանի ամեն ինչ»։ Այս մեկ նախադասության մեջ արդեն խտացված է ֆիլմի գլխավոր հակասությունը․ մարդը գնում է փրկելու այն աշխարհը, որը հենց ինքն է վնասել։ Բայց ինձ համար սա միայն Դիգգերի պատմությունը չէ։ Այդ հակասությունը, տարբեր չափերով, վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։ [1]

Երբ իրականությունը վերածվում է ներկայացման (և հակառակը)

Ֆիլմի սկզբում ծանոթանում ենք Դիգգերին՝ մի մարդու, որը կարծես սեփական աշխարհում խնդիր չունի։ Նրա շուրջ ամեն ինչ ենթարկվում է իր ցանկություններին. նույնիսկ համաշխարհային աղետի առաջին լուրը չի խախտում այդ ինքնավստահությունը։ Երբ վտանգը վերջապես մոտենում է իրեն, գործողությունը տեղափոխվում է իշխանության կենտրոն՝ ԱՄՆ նախագահի մոտ։ Այստեղ լսվող արտահայտությունները ծանոթ են հեռուստատեսությունից ու սոցիալական ցանցերից։ Իրական քաղաքական հռետորաբանությունն արդեն այնքան աբսուրդային կարող է հնչել, որ էկրանին դրա գրոտեսկային տարբերակը երբեմն գրեթե վավերագրական է թվում։

«Ամենահզոր պետությունը», «ամենաուժեղ բանակը», «ամենակարող մարդը»․ այս արտահայտությունները հնչում են մեծ վստահությամբ, մինչև բնությունը մեկ շարժումով մերկացնում է այդ վստահության փխրունությունը։ Ոչ քաղաքական լծակները, ոչ զինված ուժերը չեն կարող հրաման տալ այսբերգին։ Աղետի առաջ իշխանության բոլոր խորհրդանիշները հանկարծ նմանվում են բեմական իրերի։ Ինյարիտուն ինձ համար ոչ այնքան նոր ճշմարտություն է բացահայտում, որքան ստիպում է նորից լսել վաղուց ծանոթը, որի հանդեպ աստիճանաբար անզգայացել ենք։

Ֆիլմի առաջին իսկ տեսողական անցումներում բնության հսկայական, գրեթե անսահման պատկերները մի պահ հետո միախառնվում են վարագույրների և կառուցված դեկորացիաների աշխարհին։ Հետագայում բացահայտվում է, որ մեր տեսածի զգալի մասը «Fossil Fools» ներկայացման տարածքն է, իսկ Թոմ Քրուզը մարմնավորում է նաև այդ ներկայացումը խաղացող դերասանին։ Որոշ քննադատներ այս շրջադարձը դիտում են որպես նախորդ իրադարձությունների դրամատուրգիական ուժը թուլացնող հնարք։ [2], [3] Ես այլ կերպ եմ ընկալում այն։ Գիտես, որ ներկայացում ես դիտում, տեսնում ես դրա պայմանականությունները, բայց շարունակում ես հավատալ այդ աշխարհին և զգալ այն որպես իրականություն։ Պատմության զարգացման հետ թատերական ներկայությունն աստիճանաբար ավելի է ընդգծվում, մինչև բեմն ու իրականությունը գրեթե անբաժանելի են դառնում։ Բեմի հետևում կատարվողին հատկացված ժամանակն ինձ համար միանգամայն բավական է․ այդ աշխարհը բացվում է այնքան, որքան պետք է, և պատմությունը բնականորեն հասնում է իր ավարտին։

Ֆիլմի բարձրաձայն, գրոտեսկային լեզուն նույնպես քննադատության առարկա է դարձել։ [2], [4] Կարելի է հասկանալ այդ առարկությունը․ գիտակցված չափազանցությունն ինքնին հաջող սատիրայի երաշխիք չէ։ Բայց իմ դիտման ընթացքում հենց այդ չափազանցությունն էր ստեղծում անհրաժեշտ անհարմարությունը։ Մենք այնքան ենք սովորել հանրային կյանքի աղմուկին, որտեղ ողբերգությունը շատ արագ վերածվում է հերթական լրատվական տեսարանի, որ երբեմն միայն այդ աղմուկի բազմապատկումն է ստիպում մեզ լսել այն։

Պետական հանդիսավոր դահլիճ հիշեցնող միջավայրում ամեն ինչ կարող է շքեղ ու անթերի լինել, մինչ հարևան տարածքում առաստաղից ջուր է կաթում։ Այդ պարզ հակադրությունը կարծես մեր հասարակական կյանքի մոդելն է. մենք ստեղծում ենք համոզիչ ճակատներ, որոնց հետևում կառուցվածքը փլվում է։ Ինձ համար սա ֆիլմի կարևոր հատկանիշներից է․ նրա պատկերները երբեմն բացահայտորեն մետաֆորիկ են, բայց մետաֆորն աշխատում է հենց իր պարզությամբ։

Անտեսանելի աղետը և չընդհատվող մենախոսությունը

Առանձնապես տպավորիչ էր մոտեցող այսբերգին արձագանքող մարդկանց տեսարանը։ Այդ ամբողջ ընթացքում Ինյարիտուն չի ցուցադրում այն, ինչին նայում են հերոսները․ մենք չենք տեսնում այսբերգի ոչ մի կադր։ Ռեժիսորը մնում է միայն նրանց դեմքերի, լարված սպասման և արձագանքների վրա։ Աղետի մասշտաբը չենք գնահատում պատրաստի վիզուալ էֆեկտով․ այն կառուցում ենք մեր երևակայության մեջ։ Ինձ համար հենց այդ չցուցադրված պատկերն է ավելի ազդեցիկ, քան կլիներ աղետի ուղղակի ցուցադրումը։

Դա հիշեցրեց Թերի Ջորջի մաստերկլասը, որտեղ նա խոսում էր «Hotel Rwanda»-ում մեքենայի՝ մարդկային մարմինների վրայով անցնելու դրվագի մասին։ Իմ հիշողությամբ՝ նրա շեշտադրումն այն էր, որ սարսափը կարելի է փոխանցել ձայնով, իրավիճակի զգացողությամբ և հանդիսատեսի երևակայությամբ՝ առանց ամեն ինչ բացահայտ ցուցադրելու։ Երկու ֆիլմերը բոլորովին տարբեր են, սակայն այդ սկզբունքը նույն հետաքրքիր հարցն է առաջադրում․ ի՞նչ է շահում պատմությունը, երբ ռեժիսորը համարձակվում է կարևոր պատկերը չցուցադրել։

Այս ընտրության հակադիր, բայց նույնքան գիտակցված լուծումը խորհրդարանում տեղի ունեցող մոտ տասը րոպեանոց ելույթն է։ Այն նկարահանվել է մեկ շարունակական կադրով։ Մի տեսարանում Ինյարիտուն հրաժարվում է մեզ ցույց տալ այն, ինչին նայում են հերոսները, մյուսում՝ հրաժարվում է ընդհատել գործողությունը մոնտաժային կտրվածքով։ Լյուբեցկին Definition Magazine-ի հարցազրույցում բացատրում է, որ Քրուզի խաղի էներգիան շարունակական կադրում աստիճանաբար ուժգնանում է, դառնում գրեթե ֆիզիկական, իսկ տեսարանը մասերի բաժանելիս դժվար կլիներ պահպանել նույն ներքին տեմպոռիթմը։ [1]

Ինձ համար սա շատ կարևոր տարբերություն է ցուցադրական տեխնիկայի և պատմությանը ծառայող ռեժիսուրայի միջև։ Առաջին դեպքում չցուցադրված պատկերը ստիպում է աշխատել մեր երևակայությանը, երկրորդում՝ շարունակական ժամանակը թույլ է տալիս ապրել դերասանի էներգիայի աճը։ Նույնիսկ VistaVision-ի սահմանափակումն է այստեղ ենթարկվել գաղափարին․ ժապավենի կասետը տասը րոպեից պակաս նյութ էր ապահովում, ուստի խորհրդարանի այդ երկար տեսարանը նկարահանվել է թվային տեսախցիկով՝ չխզելու դերասանական խաղը։ [1]

Խորհրդարանի դահլիճում ակնհայտորեն երևացող մանեկեններն էլ պատահական անփութություն չեն։ Լյուբեցկին պատմում է, որ այդ հնարքն օգտագործել էր Մայքլ Մաննի «Ali»-ում, ապա «Birdman»-ում, որտեղ ցանկանում էին, որ հանդիսատեսը մանեկեններին չնկատի։ «Digger»-ում նպատակը հակառակն էր՝ արհեստականությունն ակնհայտ դարձնելը։ Նրա բացատրությամբ՝ այդ մարդիկ կարծես դահլիճում նստած, առանց սեփական կարծիքի մանեկեններ լինեն։ Այն, ինչը կարելի էր սխալմամբ ընդունել որպես տեխնիկական վրիպում, այս դեպքում դառնում է ներկայացվող աշխարհի գիտակցված մետաֆոր։ [1]

Երբ ճշմարտությունը կորչում է աղմուկի մեջ

Ֆիլմի ամենացավոտ դրվագներից մեկն ինձ համար Գանեշի խոսքն է, որը կորչում է դահլիճի աղմուկի մեջ։ Նա փորձում է բարձրաձայնել ճշմարտությունը Դիգգերի մասին, բայց մարդիկ կարծես այլևս ունակ չեն լսելու։ Հետո Դիգգերն է նույն ամբոխի առաջ խոսում, և նրա յուրաքանչյուր վստահ, կտրուկ արտահայտություն նոր արձագանք է առաջացնում։ Դատարանի տեսարանում Ֆեմիդայի արձանը, միջավայրն ու գոռացող մարդկանց հագուստները կարծես մեկ ընդհանուր գունային համակարգի մեջ լինեն, իսկ Դիգգերի գինեգույն կոստյումը նրան առանձնացնում է որպես օտար մարմին։ Գույնն այստեղ օգնում է տեսնել նաև իշխանության դիրքը՝ մարդուն, որը կարողանում է ամբոխի տրամադրությունը շրջել, հետո հեռանալ, երբ մարդիկ արդեն պայքարում են միմյանց դեմ։

Դիգգերի՝ նավթի մասին ելույթը որոշ քննադատներ կարդացել են որպես սեփական պատասխանատվությունից խուսափելու մանիպուլյացիա։ [4] Ես դրա մեջ առաջին հերթին տեսնում եմ մի անհարմար իրականություն։ Այսօրվա աշխարհում մեղավորն ու անմեղը կարծես նույն կաթսայում են հայտնվել։ Մենք մեղադրում ենք նավթարդյունաբերողներին, բայց միաժամանակ ամեն օր օգտվում ենք նրանց արտադրանքից։ Մեքենան, օդանավը, մեր առօրյա հարմարավետությունն ու թվային կյանքը հիմնված են այն համակարգերի վրա, որոնց հետևանքները մեզ անհանգստացնում են։ Եվ եր

բ մեկը այդ հակասության մասին չափազանց կտրուկ է խոսում, հեշտ է նրան պարզապես մեղադրել չափազանցության մեջ։

Սա, իհարկե, չի նշանակում, թե առանձին սպառողն ու հսկայական կորպորացիաները կրում են նույն չափի պատասխանատվություն։ Այդ տարբերությունը կարևոր է։ Բայց ինձ համար ֆիլմը հիշեցնում է, որ պատասխանատվության աստիճանների տարբերությունը չի վերացնում մեր անձնական մասնակցությունը։ Մենք ուզում ենք փրկել աշխարհը՝ հնարավորինս չփոխելով այն վնասող մեր սովորությունները։ Կարող ենք դատապարտել աղտոտումը, հետո շարունակել ապրել այնպես, կարծես դրա հետ ոչ մի կապ չունենք։ Դիգգերը այդ հակասության ամենամեծ, ամենագոռոզ մարմնավորումն է, բայց ոչ դրա միակ մասնակիցը։

Նրա ելույթում հնչող միտքը՝ հասարակությունը սիրում է մեքենաները, TikTok-ը, նույնիսկ ChatGPT-ին հարցնում է, թե ինչպես խուսափել ChatGPT-ից, ինձ համար ֆիլմի ամենադիպուկ հեգնանքներից է։ Այդտեղ խոսքը միայն նավթի մասին չէ․ մենք միաժամանակ կախված ենք համակարգերից և երազում ենք դրանցից անկախ լինելու մասին։ Ահա թե ինչու ես համաձայն չեմ այն պնդման հետ, թե ֆիլմը մեզ պարզապես կրկնում է վաղուց հայտնի ճշմարտություններ։ Արվեստը պարտավոր չէ նոր տեղեկություն հայտնաբերել։ Երբեմն այն պետք է այնպես ներկայացնի արդեն իմացածը, որ այլևս չկարողանանք ձևացնել, թե չենք նկատում։ [5]

Շարունակությունը՝ «Երբ գաղափարը դառնում է պատկեր․ «Digger»-ի տեսողական աշխարհը» (Մաս 2)։

Աղբյուրներ և հղումներ

  1. Oliver Webb, Definition Magazine — Էմանուել Լյուբեցկու հարցազրույցը, 17.10.2026 Աղբյուր
  2. Philip Concannon, BFI / Sight and Sound — «Digger: an unwieldy but compulsively watchable satire», 02.10.2026 Աղբյուր
  3. Robert Daniels, RogerEbert.com — «Digger» գրախոսություն, 29.09.2026 Աղբյուր
  4. Owen Gleiberman, Variety — «Digger» գրախոսություն, 29.09.2026 Աղբյուր
  5. «Digger» (2026), ռեժիսոր՝ Alejandro G. Iñárritu — ֆիլմի տեսարանները և հնչող արտահայտությունները